ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ամեն օր «Նարեկ» էի կարդում զինվորների համար»

«Ամեն օր «Նարեկ» էի կարդում զինվորների համար»
09.10.2023 | 08:11

...Հերոսական ոգի ուներ Վահրամ Փափազյանը: Եվ այդ ոգին չէ՞ր արդյոք, որ 1915 թվականին, երբ արդեն հռչակված դերասան էր, հարկադրեց նրան թողնել առժամ բեմը և զինվորագրվել Անդրանիկին:

Ինչպես պատմում էր Փափազյանը, առաջին իսկ օրից գեղապաշտ Զորավարը իրեն առել է հովանավորության տակ, դողացել արտիստի կյանքի համար ու խորհուրդ տվել հեռանալ, վերադառնալ բեմ:

«Դու, տղաս, դերասան ես, գնա դերասանությունդ արա: Սա կռիվ է, և մի կույր գնդակ կարող է խլել առմիշտ հայ բեմի պարծանքը: Դու, Վահրամ, ժողովրդին այնտեղ ես հարկավոր, գնա, այստեղ կռվողներ կգտնվեն»:

Ու երբ ինքը համառել է, Զորավարը հատուկ հսկողություն է սահմանել:

-Քեռին, որի հսկողությանը հանձնել էր ինձ Անդրանիկը, հարցրեց. «Մանչս, կարդալ գիտե՞ս»: Պատասխանեցի, որ գիտեմ: «Դուն հրացանի ու գնդակի հետ գործ չպիտի ունենաս: Քուկինդ սա պիտի ըլլա»: Այս ասելով Քեռին գրպանից հանեց մի փոքրիկ աղոթագիրք ու մեկնեց ինձ:

«Երբ զինվորները կռիվ երթալե առաջ նախաճաշի կնստին, դուն անոնց համար քարոզ կարդա: Սա պիտի ըլլա ընելիքդ, հասկցա՞ր»: «Հասկացա, Զորավար», ասացի ու շրջեցի աղոթագրքի կազմը: Նարեկացու մատյանն էր, որ ծայրեծայր գոց գիտեի:

Եվ ամեն օր ոգեկոչ ձայնով նշանակված ժամին «Նարեկ» էի արտասանում զինվորների համար: Գիրքը պահած սրտիս վրա, աչքերս պահած երկնքին՝ արտասանում էի հանճարեղ վանականի մարգարիտ տողերը:

Չիմացա, գրաբար հասկանո՞ւմ էին Զորավարի զինվորները, թե ոչ, բայց աչքի պոչով տեսնում էի, որ նրանք, մոռացած նախաճաշը, շողաշատ աչքերով նայում էին ինձ:

Ոչ մի տեղ, երևի, չեմ ունեցել այդպիսի հանդիսատես...

Գևորգ Աբաջյան (1920-2003), թատերագետ. «Արտիստը, ինչպես տեսա»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 9639

Մեկնաբանություններ